St. John Armenian Church
  • HOME
  • Our Parish
    • Our Mission
    • Our Story
    • Our Pastor
    • Our Parish Council
    • Eastern Diocese
    • Our Diocesan Primate
    • Stewardship
    • Armenian Fest
    • Armenian Fest Volunteers
  • Our Faith
    • We believe
    • Sacraments
    • Our Orthodox Faith
    • Oriental Orthodox Church
    • Armenian Orthodox Church
    • Church Structure
    • Saints and Feasts
    • Five Major Feast Days
  • Hierarchical Sees
    • Holy Etchmiadzin
    • Holy See of Cilicia
    • Patriarchate Of Jerusalem
    • Patriarchate Of Constantinople
    • Two Catholicoi
    • Karekin II
    • Aram I
  • Church Services
    • 2026 LITURGICAL CALENDAR
    • REQUIEM REQUEST
    • A Walk Through the Liturgy
    • Home Blessing
    • Divine Liturgy
    • Clergy Vestments
    • Baptism
      • Baptism Guideline
      • Baptismal Application
    • Wedding
      • Wedding Application
    • Funeral
  • Events
    • Events Calendar
    • Events List
  • Media
    • LATEST NEWS & ARTICLES
    • LATEST NEWS
    • SAINTS & FEASTS
    • BISHOP MESROP’S WRITINGS
    • THIS WEEK IN ARMENIAN HISTORY
    • ARMENIAN CHURCH PUBLICATIONS
  • Contact
  • Menu Menu

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ

Յունուար 6, 2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ՄԵՐ ՏԷՐ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ
(Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, 6 յունուարի, 2023 թ.)

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

«Նորոգուեցէք ձեր մտքով եւ հոգով ու հագէք նոր մարդը,
որ ստեղծուած է ըստ Աստծու» (Եփ. 4.23-24):

Սիրելի բարեպաշտ հաւատացեալներ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս,

Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնի հրաշազարդ այս օրը, համախմբուած մեր եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին՝ միմեանց փոխանցելով փրկաւետ ողջոյնը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։

Աւելի քան երկու հազար տարի Քրիստոսի Սուրբ Ծննդեան աւետիսը հնչում է աշխարհում, արձագանքում մարդկանց հոգիներում որպէս անզուգական հրաւէր՝ Քրիստոսով նորոգուելու, խաղաղութիւն հաստատելու, սէրն առատացնելու։ «Նորոգուեցէք ձեր մտքով եւ հոգով ու հագէք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու»,- պատգամում է առաքեալը՝ ներշնչուած Տիրոջ Սուրբ Ծննդեան աւետիսով։ Արդարեւ, Աստուածորդին աշխարհ եկաւ՝ մեղանչական մարդուն ցոյց տալու փրկութեան ճանապարհը, որը բացւում է Քրիստոսով նորոգուածների համար: Այս ուղիով են ընթանում Փրկչին հաւատացող ու փորձութիւնների առջեւ չընկրկող հոգիները եւ մեղքի ու չարեաց դէմ աներկբայ մարտնչողները:

Քրիստոսի Սուրբ Ծննդեան շնորհները պարգեւում են մարդկութեանը օրհնեալ կեանք՝ խարսխուած աստուածպաշտութեան, բարութեան, ճշմարտութեան ու արդարութեան վրայ, յոյսով ու լաւատեսութեամբ են զինում կորուստներից ու ցաւերից վշտահար ու յուսաբեկ հոգիներին, ապաքինում եւ լիացնում բարուց ու սիրուց ամայացած սրտերը եւ զօրացնում դժուարութիւններին դիմակայելու, անգամ անվճռելի թուացող ճգնաժամերն ու պատուհասները յաղթահարելու։

Փրկչի Ծննդեամբ մարդկութեան կեանքում հնչող նորոգութեան հրաւէրի անտեսումը, Աստուածորդու պատուիրաններին հակառակ ընթացքները, սակայն, չարիք ու աւեր են սփռում եւ այսօր էլ պատճառ են դառնում հասարակութեան մէջ, ընտանիքներում գժտութիւնների ու անհանդուրժողութեան, ազգերի ու պետութիւնների միջեւ հակամարտութեան ու թշնամանքի: Յիրաւի, առաքեալի խօսքի համաձայն, «մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով» (Հռ. 6.23):

Սիրելիներ, Աստուածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդը առանձնակի քաջալերութեամբ է համակում, հաւատքով գօտեպնդում Քրիստոսասէր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկուեց նոր փորձութիւնների։ Արցախեան պատերազմի եւ ամիսներ առաջ Հայաստանի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւնների արհաւիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցաւն ու տառապանքը: Մեր զաւակները հերոսաբար զոհուեցին յանուն հայրենիքի, հազարաւորները հաշմանդամ դարձան։ Մեր տասնեակ զաւակներ գերութեան մէջ են, տակաւին կան անյայտ կորածներ։ Տեւական ժամանակ արգելափակուած է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը յանգեցրել է հումանիտար աղէտի: Այս ծանր իրավիճակում մեր դէմ ծառացած հիմնախնդիրները յաղթահարելու համար մենք կարիքն ունենք ճշմարիտ նորոգութեան, սրտով, հոգով, մտքով մաքրուելու, Քրիստոսով վերափոխուելու եւ միախորհուրդ ու միակամ դառնալու ազգի եւ հայրենիքի առջեւ մեր յանձնառութիւնների մէջ։ Այսպիսի նորոգութեամբ է, որ կարող կլինենք հայրենական մեր կեանքից բացառել ամենայն չարն ու անարդարը, վախի, բռնութեան, ատելութեան ու յարմարուողականութեան կործանարար դրսեւորումները եւ հայրենիքի բարուոք ապագայի տեսլականով համախմբել ազգային ողջ ներուժը, ամրագրել միմեանց հանդէպ յարգանքն ու սէրը, վստահութեան հաստատուն հիմքերի վրայ խարսխել Հայաստան-սփիւռք գործակցութիւնը։ Պատմական փորձառութեամբ գիտենք, որ նեղութիւններից յաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանուած ընդհանրական նպատակների շուրջ։ Քրիստոսով նորոգուած, Քրիստոսով միասնական, Աստծոյ շաւիղներով քայլելով, մենք, ինչպէս առաքեալն է ասում, մեզ պաշարած փորձութիւններից այսօր էլ յաղթական պիտի դուրս գանք (հմմտ. Հռ. 8.37)։

Սիրելի զաւակներ Մեր, Աստծոյ օգնականութիւնը խնդրելով՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տէրը հաւատքի մէջ եւ աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդեան յուսաբեր տօնի հոգեւոր ապրումը։ Զօրանանք հայրենիքի սիրով եւ ամեն կարելի հնարաւորութեամբ սատարենք Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժուարութիւններ կրող մեր քոյրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջեւ եւ վտանգի չենթարկենք մեր անկախ պետականութիւնը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու յաղթութեան եւ միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսաւոր գալիքը։

Սուրբ Ծննդեան Պատարագի այս սրբազան պահին Հայրապետական Մեր խօսքն ենք յղում խրոխտ ու անվեհեր Արցախի հաւատաւոր Մեր զաւակներին։ Սիրելի արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայեացքները այս օրերին առաւելաբար ձեզ են ուղղուած։ Դուք, որ դժուարութիւնների առջեւ երբեք չէք ընկրկել ու չէք նահանջել, այսօր էլ տոկունութեամբ շարունակում էք հերոսաբար պայքարել յանուն ձեր ազատ ու անկախ կեանքի, յանուն պատմական արդարութեան վերականգնման։ Ձեր քաջ նախնեաց փառաւոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացէք հայրենի հողում ապրելու եւ արարելու վճռականութեան մէջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփիւռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զօրակից ձեզ։ Ձեր հիմնարար իրաւունքների պաշտպանութեան արդար պահանջը յաղթանակելու է համայն հայութեան ջանքերով եւ միջազգային հանրութեան սատարումով։ Հաւատում ենք, որ Աստծոյ ողորմածութեամբ մեր ժողովուրդը իրեն պատած խաւարի մէջ պիտի լոյս ծագեցնի եւ դիմագրաւի իր կեանքում ծառացած լրջագոյն մարտահրաւէրներին։

Այս զգացումներով ու մտածումներով, Սուրբ Ծննդեան աւետիսով Մեր ողջոյնն ենք յղում մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանին՝ մաղթելով Աստծոյ զօրակցութիւնը տէրունաւանդ ծառայութեան մէջ։ Ի Քրիստոս եղբայրական սիրով ողջունում ենք քոյր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մանկացեալ Փրկչի օրհնութիւնը իրենց աստուածապատուէր առաքելութեանը եւ հաւատաւոր հօտին։ Հայրապետական Մեր սէրն ու բարեմաղթանքներն ենք յղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին եւ համայն հաւատաւոր Մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփիւռս։

Սուրբ Ծննդեան այս շնորհազարդ առաւօտ սրտագին աղօթքով խնդրում ենք Ամենակալ Տիրոջը, որ բեթղեհեմեան աստղալոյսը յարատեւ շողարձակի մեր ազգային կեանքի երկնակամարում, որպէսզի մենք, Փրկչին ապաւինած, հաստատենք մեր ընթացքը սիրոյ, համերաշխութեան ու միասնականութեան շաւիղներում։ Թող Սուրբ Ծննդեան կենարար խորհրդով խաղաղութիւն լինի աշխարհին ու համայն մարդկութեանը։ Թող հաւատքով պայծառացած՝ աշխարհասփիւռ ազգս հայոց զօրացնի իր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, իրականութիւն դարձնի իր նուիրական իղձերը եւ փառաւորի մարդեղացեալ Փրկչին՝ գոհութեամբ ձայնելով.

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
ձեզ և մեզ մեծ աւետիս

Share this entry
  • Share on Facebook
  • Share on X
  • Share on WhatsApp
  • Share by Mail

Latest News

  • OBITUARY: JOHN KAISHIANMay 16, 2026 - 8:57 pm
  • HISTORIC GALA BANQUET AT MILWAUKEE’S PFISTER HOTEL CELEBRATES FAITH, SERVICE, AND ARMENIAN HERITAGEMay 11, 2026 - 9:05 pm
  • 2026 CLERGY CONFERENCE INSPIRES UNITY AND SPIRITUAL RENEWAL IN MILWAUKEEMay 6, 2026 - 8:09 pm
  • EASTERN DIOCESE CELEBRATES FAITH AND LEADERSHIPMay 5, 2026 - 11:10 am
  • ROBIN DARLING YOUNG, PH.D.March 3, 2026 - 4:32 pm
  • A LIFE OF LEADERSHIP, ENTERPRISE, & SERVICE: ARA CHERCHIANMarch 3, 2026 - 12:55 pm
  • FROM GENEROSITY TO LEGACY: THE KAISHIANS’ HYE CAMP STORYMarch 3, 2026 - 12:36 pm
  • ST. JOHN CELEBRATES STEWARDSHIP SUNDAY WITH REFLECTION, FELLOWSHIP, AND HOLIDAY CHEERDecember 15, 2025 - 7:14 pm
  • BEARING WITNESS THROUGH STEWARDSHIP: A TESTIMONY OF FAITH, COMMUNITY, AND GRATITUDEDecember 15, 2025 - 2:44 pm
  • ST. JOHN’S ANNIVERSARY: REMEMBERING THE PAST, PREPARING FOR THE FUTURENovember 10, 2025 - 9:20 pm

Latest News

  • OBITUARY: JOHN KAISHIANMay 16, 2026 - 8:57 pm
  • HISTORIC GALA BANQUET AT MILWAUKEE’S PFISTER HOTEL CELEBRATES FAITH, SERVICE, AND ARMENIAN HERITAGEMay 11, 2026 - 9:05 pm
  • 2026 CLERGY CONFERENCE INSPIRES UNITY AND SPIRITUAL RENEWAL IN MILWAUKEEMay 6, 2026 - 8:09 pm

Hierarchical Sees

Holy Etchmiadzin
Holy See of Cilicia
Patriarchate of Jerusalem
Patriarchate of Constantinople

 

various dioceses

www.armenianchurch.us
www.wdacna.com
www.armenianprelacy.org
www.westernprelacy.org
www.armenianchurch.ca
www.armenianprelacy.ca
www.armenianchurch.org.uk
www.armprelacylb.org

Subscribe to Our Newsletter

Scroll to top Scroll to top Scroll to top